Գլխավոր Ավելին

Գերմանացի հայտնի օնկոլոգը զեկուցմամբ է հանդես եկել

Շտուտգարտի «Օլգա» հիվանդանոցի պրոֆեսոր, հայտնի օնկոլոգ Շտեֆան Բիլակը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվող գիտական լսումների շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ։

Գերմանացի օնկոլոգը մասնագիտացած է երեխաների և դեռահասների շրջանում հանդիպող սարկոմաների բուժման մեջ, մասնավորապես՝ օստեոսարկոմաների։

Իր զեկույցում նա անդրադարձել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կողմնակի երևույթներին, ինչպես նաև ուշ առաջացող բարդություններին երեխաների և դեռահասների շրջանում։

Դրանցից են՝ լեյկոզները, կարդիոտոքսիկությունը, նեֆրոտոքսիկությունը, հետագայում առաջացող ստերիլությունը, ինչպես նաև գլխուղեղի զարգացման հետ կապված խնդիրները՝ IQ-ի մակարդակի նվազման տեսքով։

Պրոֆեսորը առանձնահատուկ ընդգծել է, որ ի տարբերություն մյուս բարդությունների՝ գլխուղեղի զարգացման վրա ազդեցությունը (IQ-ի նվազումը) կապված է ճառագայթային թերապիայի հետ, մինչդեռ քիմիաթերապիան գլխուղեղի զարգացման վրա ազդեցություն չի ունենում։

Նրա խոսքով՝ ուշ բարդություններից առավել հաճախ հանդիպողներից են լեյկոզները, որոնք կարող են զարգանալ որպես ճառագայթային թերապիայի և քիմիաթերապիայի հետևանք։ Սրտային անբավարարությունը կարող է պայմանավորված լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ ճառագայթային ազդեցությամբ, հնարավոր է նաև երիկամների վնասում, ինչպես նաև որոշ հիվանդաների մոտ հետագայում կարող են առաջանալ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:

Գործընկերները բազմաթիվ հարցեր են ուղղել գերմանացի օնկոլոգին՝ մասնավորապես՝ ի՞նչն է առաջացնում սարկոման երեխաների մոտ, արդյո՞ք կան հայտնի ռիսկի գործոններ, ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը, ի՞նչ հետազոտություններ են կիրառվում, ինչպես է սարկոման ազդում երեխայի առօրյա կյանքի և ֆիզիկական ակտիվության վրա, որոնք են բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունները, կա՞ն արդյոք կանխարգելման կամ ռիսկի նվազեցման եղանակներ, ինչպես նաև ինչպիսին է երկարաժամկետ կանխատեսումը սարկոման հաղթահարած երեխաների համար։

×
facebook sharing button facebook